Մարի դե Քոուսի (Շոտլանդիայի թագուհի)
Մարի դե Քոուսի | |
---|---|
Ծնվել է՝ | մոտ 1218 |
Ծննդավայր | Ֆրանսիա |
Մահացել է՝ | 1285 |
Վախճանի վայր | Ֆրանսիա |
Newbattle Abbey | |
Երկիր | Շոտլանդիա |
միապետ | |
Հայր | Enguerrand III, Lord of Coucy? |
Մայր | Marie de Montmirail?[1] |
Երեխաներ | Ալեքսանդր III (Շոտլանդիայի թագավոր)[2] |
Մարի դե Քոուսի (մոտ 1218, Ֆրանսիա - 1285, Ֆրանսիա), Շոտլանդիայի թագուհի։
Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր II-ի կինը։ 1260-1262 թվականներին, իր որդի Ալեքսանդր III-ի անչափահասության երկու տարիների ընթացքում եղել է թագավորական խորհրդի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարին Քոուսիի լորդ Էնգուեռանդ III-ի ու իր երրորդ կնոջ՝ Մարի դե Մոնտմիրելի (fr) (1192 – 1267 թ․թ․) դուստրն էր ու Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս VI Թանձրամարմինի ծոռնուհին։ Ըստ պատմագիր Մեթյու Փերիսի, նա գեղեցիկ էր ու շատ հարուստ։ 1238 թվականին իր առաջին անզավակ կնոջ՝ Ջոան Անգլիացու մահից հետո Ալեքսանդր II-ին ժառանգ էր անհրաժեշտ։ Անգլիայի թագավոր Հենրի III-ը Շոտլանդիայի նկատմամբ գերիշխանության պահանջ էր ներկայացրել, որին Ալեքսանդրն ընդդիմացել էր ու Անգլիայի դեմ Ֆրանսիայի հետ դաշինք կազմելու ցանկություն հայտնել։ Էնգուեռանդ III-ը հզոր ֆրանսիական վասալ էր ու Անգլիայի հայտնի թշնամի, այսպիսով, Մարիի ու Ալեքսանդր II-ի ամուսնությունն ընկալվել է որպես Անգլիայի դեմ ֆրանս-շոտլանդական դաշինք։
1239 թվականի մայիսի 15-ին Ռոքսբուրգում Մարին ու Ալեքսանդր II-ն ամուսնացել են։ Այս ամուսնությամբ շոտլանդացիների ու Քոուսի լորդության միջև դաշինք է կնքվել, և 13-րդ դարի մնացած մասի ընթացքում նրանք զինվորներ ու գումարներ են փոխանակել։ Մարին իր հետ Շոտլանդիա է բերել մի շարք ֆրանսիացի հետևորդների[3]։ Նրա շքախմբում էին կանցլեր Ռիչարդ Վեյրմենթը և Մարիի զարմիկ Էնգուեռանդ դե Գինեսը, որը շոտլանդական գործերի վրա որոշ ազդեցություն է ունեցել։ Վերջինս ամուսնացել է թագավոր Ջոն Բոլիոլի զարմուհի Քրիստիանա դե Բեյլեուլի հետ ու դարձել շոտլանդական մագնատ։ Ամուսնությունից երկու տարի անց Մարին ծնունդ է տվել ապագա թագավոր Ալեքսանդր III-ին։
1249 թվականի հուլիսի 8-ին Քեռերա կղզում Արջիլի լորդի դեմ արշավանքի ընթացքում Ալեքսանդր II-ը մահացել է։ Լուրն առնելուց անմիջապես հետո Մարին իր ութնամյա որդուն Սքոնում հնարավորինս շուտ թագադրել է տվել[4]։ Չնայած նրա որդին անչափահաս էր ու գտնվում էր գահակալի խնամակալության տակ, Մարին գահակալ չի դարձել։ 1250 թվականի հունիսի 9-ին Մարին ու իր որդի Ալեքսանդր III-ը Դանֆերմլայնում ներկա էին սուրբ Մարգարեթ շոտլանդուհու սրբադասման արարողությանն ու նոր գերեզմանում նրա մասունքների վերահուղարկավորմանը։
1250 թվականի աշնանը Մարին վերադարձել է Պիկարդիա և կյանքի հաջորդ հատվածն անցկացրել մերթ Ֆրանսիայում, մերթ Շոտլանդիայում։ 1252 թվականին ֆրանսիացի ու շոտլանդացի մեծ թվով ազնվականների ներկայությամբ նա Յորքում մասնակցել է իր որդի Ալեքսանդր III-ի ու Մարգարեթ Անգլիացու ամուսնությանը։
1256 կամ 1257 թվականին Մարին ամուսնացել է Ֆրանսիայի գլխավոր սեղանապետ ու Աքրիի թագավոր Ժան դե Բրիենի (1227–1296) հետ, որը նույնպես վերջինիս երկրորդ ամուսնությունն էր։ Դե Բրիենը Երուսաղեմի արքա (1210–1225) և Կոնստանդնուպոլիսի կայսր (1229–1237) Ժան դը Բրիենի ու Բերենգուելա Լեոնցու որդին էր։ Զավակներ չեն ունեցել։
1260 թվականին իր որդու անչափահասության ընթացքում գերիշխանության համար շոտլանդական խմբակցությունների միջև մրցակցությունը Շոտլանդիայում իրավիճակը կրիտիկական/ճգնաժամային է դարձրել, հետևաբար Մարին ու իր ամուսինը կարգվել են թագավորական խորհրդի անդամներ, մինչև 1262 թվականին Ալեքսանդր III-ի օրինական չափահասությունը։
1268 թվականին Մարին բաժանվել է իր ամուսնուց ու վերադարձել Շոտլանդիա։ Երբ նրա հարս Մարգարեթ Անգլիացին մահացել է 1275 թվականի փետրվարին, Մարին կազմակերպել է իր որդու նոր ամուսնությունը իր նախկին ամուսնու խորթ դուստր Յոլանդայի հետ։ 1275–76 թվականների ընթացքում Մարին ուխտագնացություն է կատարել դեպի Քենթերբերիում գտնվող սուրբ Թոմաս Բեքեթի գերեզմանը։
Մարի դե Քոուսին մահացել է 1285 թվականի ամռանը և հուղարկավորվել Նյուբաթլ վանքում իր նախօրոք կառուցած գերեզմանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ Kindred Britain
- ↑ Marshall, Rosalind K. (2003). Scottish Queens, 1034-1714. Tuckwell Press. էջ 20.
- ↑ Marshall, Rosalind K. (2003). Scottish Queens, 1034-1714. Tuckwell Press. էջ 21.
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ancestral Roots of Certain American Colonists Who Came to America Before 1700, by Frederick Lewis Weis, Line 120-30
- Joseph Bain (ed) Calendar of documents relating to Scotland, volume 2.
- Brown, Michael, The Wars of Scotland, 1214-1371, (Edinburgh, 2004)
- Marshall, Rosalind, Scottish Queens, 1034-1714
- Richard Oram: "The Kings and Queens of Scotland"
- Timothy Venning: "The Kings and Queens of Scotland"
- Mike Ashley: "British Kings and Queens"
- Elizabeth Ewan, Sue Innes and Sian Reynolds: "The Biographical Dictionary of Scottish Women"
Նախորդող՝ Ջոան Անգլիացի |
Շոտլանդիայի թագուհի 1239–1249 |
Հաջորդող՝ Մարգարեթ Անգլիացի |
|